ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Առիթ կար փրկելու գոնե ճակատային հատվածը, բայց չարվեց»

«Առիթ կար փրկելու գոնե ճակատային հատվածը, բայց չարվեց»
05.03.2019 | 01:38

Վերջին շրջանում Երևանում տեղի ունեցող քաղաքաշինական անցուդարձի մասին իր պարզաբանումներն է ներկայացնում վերականգնող ճարտարապետ, Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի փոխնախագահ ՍՏԵՓԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ: «Պահպանե՞լ, թե՞ քանդել հին շենքերը» հարցը շարունակում է օրակարգում մնալ:

-Արամի 23 հասցեում գտնվող շենքը փրկվեց: Ինչու՞ այնքան ձգձվեց հարցի լուծումը, մինչև քանդվեց հուշարձանի պատը: Ո՞ր կետում էր սխալը, թերացումը:
-Մեր օրինակով ասեմ. վերականգնվող հուշարձանի հնագիտական ուսումնասիրման աշխատանքները սկսելիս մենք պարտավորվում ենք ցանկացած աշխատանքին զուգահեռ և ավարտից հետո, ժամանակավոր ամրակայումներ անել, որ մինչև շինարարությունը կամ վերականգնումը սկսելը խուսափենք հետագա փլուզումներից: «Փոքրիկ երգիչների» շենքը պատմամշակութային հուշարձան է, կառուցապատողին տված թույլտվության մեջ պետք է պարտավորագիր լիներ, որ շենքը չվնասի կամ եթե վնասում է, փոխհատուցի, հակառակ դեպքում քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի:
Շենքը վթարային վիճակում էր, պատին կպած հիմքերն էլ բացել են, 19-րդ դարի ո՞ր կառույցը կդիմանար: Ավելին ասեմ` նույնիսկ եթե շինարարությունը չանեին, պատը քանդվելու էր: Խնդիրն ինչ է. քանդել են, պետք է փոխհատուցեն, տարբեր եղանակներ կան փոխհատուցման: Եթե քաղաքապետարանի, մշակույթի նախարարության հետ համաձայնության են եկել, որ պետք է շենքն էլ վերականգնեն, շատ լավ է: Նույնիսկ ես կասեի՝ պատրվակ եղավ, որ շենքն ամբողջությամբ վերականգնեն ու վերանորոգեն, ինչը, անշուշտ, մեծ գումարների հետ է կապված:
-Խորենացու 13-ը քանդվեց: Տարբեր մեկնաբանություններ տրվեցին` հուշարձան չէ, չունի պատմամշակութային զգալի արժեք և այլն: Ավելի անկեղծ է «Երևանը շարունակում են քանդել» բանաձևումը:
-Այդ շենքը կառուցվել է 50-ականներին, տիպարային բնույթ էր կրում, կառուցված էր սրբատաշ քարերից՝ ամբողջությամբ ձեռքի գործիքներով մշակված: Ինձ հայտնի է երեք նման շենք՝ Դերասանի տունը՝ Մաշտոցի պողոտայում, Խանջյան փողոցի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքը և Խորենացու 13-ը` ԿԳՆ նախկին շենքը: Դրանց ճակատային մասերը գրեթե հարյուր տոկոսով նման են: Մինչև այսօր ստույգ տեղեկություն չկա, թե ով է ճարտարապետը, շրջանառվել են Սամվել Սաֆարյանի, Գրիգոր Աղաբաբյանի և Սուրեն Շահսուվարյանի անունները, բայց վերջինս կոնստրուկտոր էր, չի բացառվում, որ դերասանի տունը կառուցվել է, հետո կոնստրուկտորը նույնը կրկնել է:
-Մաշտոցի 13 հասցեում գտնվող շենքը ընդգրկված է հուշարձանների ցանկում: Դա կարո՞ղ է բավարար պատճառ լինել «նմանակ» շենքերից մեկի պահպանման, մյուսի՝ քանդման համար:
-Մեր ընկերներից մեկը լավ օրինակ բերեց. միջնադարյան գավիթներն իրար նման են, ուրեմն պետք է բոլորը քանդենք, մեկը որպես նմու՞շ թողնենք: Ի վերջո, պատմամշակութային հուշարձանը միայն որպես կառույց չէ արժեքավոր, տարբեր փուլեր է անցել, դա պատմություն է Երևանի համար:
Մինչև 2004 թվականը Խորենացու 13-ը հուշարձանների ցանկում էր, տարօրինակ է, 2004-ին շատ սահուն ձևով հանվեց ցանկից, 2005-ին քանդեցին: Այն ժամանակ ընդվզում չեղավ, հավանաբար հաշտվել էինք այն մտքի հետ, որ ինչ ուզում անում են: Հիմա առիթ կար փրկելու գոնե ճակատային հատվածը, բայց չարվեց: Թեև ինձ համար սա շատ խորթ է: ճարտարապետական կառույցը, երբ հուշարձանների ցանկում է, երբեք չեն առանձնացնում ֆասադը, հուշարձան է ամբողջ կառույցն իր պահպանման գոտիով: Տվյալ դեպքում հուշարձան չէ, օրենք չի խախտվել (խախտումը արվել է այն ժամանակ, երբ սահուն հանվել է ցանկից), պատվիրատուն ինչ ուզում, անում է, մարդկանց էլ ասում է` ֆասադը գեղեցիկ է, ներսում եմ դնելու` վանդակապատ ապակու հետևում: Հերթական հեքիաթն է: Եթե մշակույթ ես ուզում պահել, քարերը պետք է համարակալեիր: Քարերը ոչնչացրել են, նորն են վերարտադրելու, այդ անմիմաստ ծախսն ինչի՞ համար է:
-Այսինքն` ճակատային հատվածի պահպանումը ցանկալի է, բայց բավարար չէ, քաղաքաշինական նոր միջավայրում այն կարող է կորցնել իր դեմքը:
-Բնականաբար, Երևանում բազմաթիվ նման օրինակներ ունենք, ճակատը պահում են, վրան եսիմ ինչեր սարքում: Աշխարհում կա նման փորձ. պատմական շենքը ժամանակակից միջամտությունների է ենթարկվում, բայց այնքան սահուն է արվում, համահունչ, գեղեցիկ, հատուկ լուծումներով: Այստեղ ի՞նչ են անում: Սա խաբկանք է: Սեփականատերը դիմային հատվածը պահում է, որ խոսակցություններից խուսափի: Բիզնեսի շահն է միայն խոսում:
-Մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը քաղաքաշինության պետական կոմիտեին կցելն ակնհայտ վտանգ չէ՞ր պարունակում։
-Այո, շատ վատ բան կլիներ, դա նույնն է, որ հուշաշարձանները սկուտեղի վրա հանձնես քանդողին: Բայց, որքան հասկանում եմ, այդ կետը դուրս է եկել, այդ մասին էլ խոսակցություն չկա:
-Հուշարձանների պահպանության գործակալությանը հատուկ կարգավիճակ տալու միտում չկա՞:
-Դա վերականգնող ճարտարապետների երազանքն է: Մինչև այսօր դրա համար կռիվ ենք տալիս: Խորհրդային տարիներին Հուշարձանների պահպանության գլխավոր վարչությունը կառավարությանն առընթեր էր, ժամանակին վարչության նշանավոր պետեր ենք ունեցել՝ Գրիգոր Հասրաթյան, Ալեքսան Կիրակոսյան և այլն: Դա լուրջ կառույց էր, որի կազմում ընդգրկված էին տարբեր մասնագետներ: Հիմա, ասենք, մի նախագիծ անելու համար ես պետք է գտնեմ երկրաբանի, որը երկրագիտական եզրակացություն անելու լիցենզիա ունի: Խորհրդային տարիներին այդ խնդիրը չկար, ամեն մարդ իր գործն էր անում: Մեր երկրում մոտավորապես 26 հազար պատմամշակութային հուշարձան կա, որոնցից մոտ 20 հազարը հոգածության կարիք ունի: Այդ 20 հազար հուշարձանը մեր երկրի այցեքարտն է: Իսպանիան, Հունաստանը արդյունաբերություն չունեն, փոխարենը զարգացած է զբոսաշրջությունը, ներկայանում են պատմամշակութային ժառանգությամբ: Ես մի օրինակ բերեմ. անցյալ տարի Իրանի Քանդովան գյուղում էինք, քարայրային գյուղ է (ինչպես մեր Գորիսն էր) ու նույնությամբ պահպանվել է, մարդիկ ապրում են քարայրներում: 117 ընտանիքից կազմված գյուղը տարեկան 1 միլիոն 800 հազար այցելու ունի, ապրում է հիմնականում ներքին զբոսաշրջությամբ: Պետությունն էլ նրանց ազատել է հարկերից, տուրքերից, որ գյուղը չլքեն:
Մեզ համար շատ կարևոր է պատմամշակութային ժառանգությունը, առհասարակ՝ մշակույթը: Ես մի քիչ ցավով եմ վերաբերվում, որ նախարարությունը փակում են, կարող էին այլ կառույցներ կցել իրար, բայց մշակույթը… Պատերազմները մշակույթի համար են լինում, մի երկիրը մյուսի վրա հարձակվում է, մշակույթն է ուզում գողանալ: Մեր հարևան քոչվոր թաթարները հայկական մշակույթը ոչնչացնում են, ինչը կարող են անվանափոխել աղվանական, ալբանական, պահպանում են, որովհետև չունեն մշակույթ, իրենց պատմությունն են կերտում: Իսկ մենք ունեք ու այսպես անփույթ ենք, անտարբեր:
-Դուք «Երկիր և մշակույթ» կազմակերպության կենտրոնական վարչության խորհրդի անդամ եք, ի՞նչ ծրագրեր եք իրականացրել վերջին շրջանում:
-Հիմնանորոգվել է Մեղրիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, հուլիսի 27-ին տեղի կունենա պաշտոնական բացումը: Աշնան վերջին կավարտվեն Ապարանին կից Միրաք եզդիաբնակ գյուղի 5-րդ դարի բազիլիկ եկեղեցու վերանորոգման աշխատանքները: ՈՒսումնասիրման, ամրակայման աշխատանքներ են ընթանում Անգեղակոթի Սուրբ Վարդան եկեղեցում, Սյունիքի Սրաշեն գյուղի Սուրբ Հռիփսիմեում: Ամռանը հերթական գիտարշավի ընթացքում Սյունիքի մարզի Բեխ ավանի տարածքում գտնվող Տանձափարախի անապատում կիրականացվեն բարեկարգման և մասնակի ամրակայման աշխատանքներ:


Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3949

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ